Մարգո Ղուկասյան (1927-2013), արձակագիր, լրագրող
Ես, նվաստս, Մարգո Ղուկասյան, դուստր Գևորգի, գերդաստանից Ղուկասյան, որք են սերյալ ի Բասենո գավառե, որ կա երեսին արևմտյանն Մասիսի, գրեցի կարոտյալ սրտով ձոն առ արեգակնաճեմ լյառն Արարատ:
Գրեցի ի նշան խոնարհումի՝ լուսավորիչն ազգիս Խաչատուր Աբովյանի, որ առաջին մահկանացուն էր, որ լեռան գագաթից հայեց իր արդար ու արտասվաթաց հողին, իր ժողովրդի բնօրրանին:
Ձոնս շարահյուսեցի նաև խորին հիացումով առ քաջն Վահանի, ցեղից Մամիկոնեից, որ ապավինեց Լեռանը և Արկուռի գյուղի մոտ ճակատամարտելով հաղթեց թշնամուն:
Գրեցի հիշատակարանս, հիացումով առլեցուն գիտնական Ղևոնդ Ալիշանի, աշխարհահռչակ ճանապարհորդներ Պարրոտի, Լինչի, Մարկովի...որ մեծավ ջանիվ չափեցին, զննեցին, նկարագրեցին լյառն Մասիս և պատմեցին աշխարհին:
Խնդրում եմ հիշել նաև հմուտ բանասեր Պիոն Հակոբյանին, որ քայլ առ քայլ հետևելով մեծն Աբովյանի կյանքին ու գործին, և նախորդ դարի եղելություններին, առնչված Արարատին, պատմեց և հաղորդեց մեզ:
Գրեցի ձոնս թախծալից հոգով, քանզի ոչ մի վայրկյան չմոռացա անըմբռնելի, անօրեն բաժանքը փշալարե, որ ահա յոթանասուն տարի կա Մայր լեռանն՝ Արարատի և Մայր դաշտին՝ Արարատյան:
...Եվ դու, ո՜վ ընթերցող, եթե կարող ես ուխտի գնա Հայոց աշխարհի Ավագ լեռանը, իսկ եթե ոչ՝ կաց համբերությամբ: Եվ եթե հստակ է երկինքը, եթե մոտիկ ես՝ շրջվիր առ Մասիս, իսկ եթե հեռու ես, հոգու աչքերով նայիր լեռանը և աղաչեմ, հիշիր նրանց, որ այդ կողմն են նայել քեզնից առաջ և որ նայելու են քեզնից շա՜տ ու շատ հետո:
1985 թ.
(«Ձոն առ Մասիս»)
Կարլ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆԻ ՖԲ էջից